2 Chronicles 28
1 Աքազը քսան տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա չարեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ինչպես որ իր հայր Դավիթն արեց։
2 Նա գնաց Իսրայելի թագավորների ճանապարհներով և նույնիսկ Բահաղիմների համար ձուլածո կուռքեր պատրաստեց։
3 Նա Ենոմի որդու ձորում խունկ էր ծխում և իր որդիներին զոհ մատուցեց. կրակով այրեց ազգերի գարշությունների պես, որոնց քշել էր Տերը Իսրայելի որդիների առջևից։
4 Նա զոհ էր մատուցում և խունկ ծխում Բարձր տեղերում, բլուրների վրա և ամեն մի կանաչ ծառի տակ։
5 Հետևաբար Տեր Աստվածը նրան մատնեց ասորիների թագավորի ձեռքը, և նրանք հաղթեցին նրան, շատ գերիներ վերցրին նրանից և տարան Դամասկոս։ Նաև Իսրայելի թագավորի ձեռքն ընկավ, որ նրան հաղթեց և կոտորած արեց։
6 Ռոմելայի որդի Փակեեն մի օրում հարյուր քսան հազար մարդ սպանեց Հուդայում՝ բոլորն էլ քաջազուն մարդիկ, որովհետև լքել էին իրենց հայրերի Տեր Աստծուն։
7 Մի քաջազուն Եփրեմից՝ Զեքրին, սպանեց թագավորի որդի Մաասիային, պալատի վերակացու Եզրիկամին և թագավորի փոխանորդ Եղկանային։
8 Իսրայելի որդիներն իրենց եղբայրներից գերի վերցրին երկու հարյուր հազար կին, տղա և աղջիկ, նաև շատ ավար հափշտակեցին նրանցից և ավարը բերեցին Սամարիա։
9 Այնտեղ կար Տիրոջ մի մարգարե՝ Օդեդ անունով, որը, Սամարիա մտնող զորքի առաջ դուրս գալով, ասաց նրանց. «Ահա ձեր հայրերի Տեր Աստվածը, Հուդայի երկրի վրա բարկանալով, նրանց մատնեց ձեր ձեռքը, և դուք նրանց սպանեցիք այնպիսի բարկությամբ, որը մինչև երկինք հասավ։
10 Եվ հիմա մտածում եք Հուդայի և Երուսաղեմի որդիներին ձեր ծառաներն ու աղախինները դարձնել։ Մի՞թե դուք հանցանքներ չունեք Տեր Աստծու առաջ։
11 Հիմա լսեցե՛ք ինձ և վերադարձրե՛ք այդ գերիներին, որոնց դուք գերեվարել եք ձեր եղբայրներից, որովհետև Տիրոջ սաստիկ բարկությունը ձեզ վրա է»։
12 Եփրեմի որդիների իշխաններից Հոհանանի որդի Ազարիան, Մեսեղամոթի որդի Բարաքիան, Սեղղումի որդի Եզեկիան և Ադղիայի որդի Ամեսային՝ այս մարդիկ, ելան պատերազմից եկողների դեմ
13 և ասացին նրանց. «Այդ գերիներին այստեղ մի՛ բերեք, որովհետև մենք արդեն հանցավոր ենք Տիրոջ առաջ, և դուք մտածում եք ավելացնել մեր մեղքերն ու հանցանքները. մեր հանցանքը շատ է, և սաստիկ բարկություն կա Իսրայելի վրա»։
14 Այդ ժամանակ զինվորականները բաց թողեցին գերիներին և վերադարձրին ավարը իշխանների և հավաքված ամբողջ ժողովրդի առջև։
15 Եվ այն մարդիկ, որոնց անունները հիշատակվեցին, վեր կացան, վերցրին գերիներին, նրանց մեջ եղած բոլոր մերկերին հագցրին ձեռք բերված ավարից, զգեստներ և կոշիկներ տվեցին նրանց, կերակրեցին, խմեցրին, յուղով օծեցին և նրանց բոլոր տկարներին նստեցրին էշերի վրա ու տարան Երիքով՝ արմավենիների քաղաքը, իրենց եղբայրների մոտ. հետո վերադարձան Սամարիա։
16 Այն ժամանակ Աքազ թագավորը պատգամ ուղարկեց Ասորեստանի թագավորին, որ օգնի իրեն,
17 որովհետև եդովմացիները դարձյալ եկել էին, Հուդային հարվածել և գերիներ տարել։
18 Փղշտացիներն էլ հարձակվել էին Հուդայի դաշտավայրի և հարավային կողմի քաղաքների վրա, գրավել Բեթսամյուսը, Այեղոնը, Գադերոթը, Սոքովն ու նրա գյուղերը, Թամնան ու նրա գյուղերը, Գամզոն ու նրա գյուղերը և բնակվել էին այնտեղ,
19 որովհետև Տերը նկուն էր դարձրել Հուդան Իսրայելի թագավոր Աքազի պատճառով, որը անօրինություն էր գործել Հուդայում և ապստամբել Տիրոջ դեմ։
20 Նրա վրա հարձակվեց Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը, նեղություն տվեց նրան և ոչ թե օգնեց։
21 Թեև Աքազը Տիրոջ տնից, թագավորի տնից ու իշխաններից ինչ որ գտավ, վերցրեց և տվեց Ասորեստանի թագավորին, բայց դա չօգնեց նրան։
22 Նա՝ այդ Աքազ թագավորը, նեղության մեջ եղած ժամանակ էլ շարունակ մեղք էր գործում Տիրոջ դեմ։
23 Նա զոհեր էր մատուցում Դամասկոսի աստվածներին, որոնք ջարդ էին տվել իրեն, և ասում էր. «Ասորիների թագավորների աստվածներն օգնում են իրենց. ես նրանց զոհեր կմատուցեմ, որ ինձ օգնեն»։ Բայց դրանք իր և Իսրայելի անկման պատճառ դարձան։
24 Աքազը հավաքեց Աստծու տան անոթները, կոտրատեց Աստծու տան անոթները և փակեց Տիրոջ տան դուռը. և Երուսաղեմի բոլոր անկյուններում զոհասեղաններ դրեց,
25 Հուդայի ամեն մի քաղաքում Բարձր տեղեր կառուցեց՝ ուրիշ աստվածների խունկ ծխելու համար, և բարկացրեց իր հայրերի Տեր Աստծուն։
26 Աքազի մնացած գործերը, նրա բոլոր արարքները՝ առաջինները և վերջինները, ահա գրված են Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։
27 Աքազը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Երուսաղեմ քաղաքում, բայց նրան չտարան Իսրայելի թագավորների գերեզմանները։ Նրա որդի Եզեկիան թագավոր դարձավ նրա փոխարեն։